Рубрика: Հայոց պատմություն

ՀՀ հասարակական-քաղաքական կյանքը, 1920թ. Մայիսյան ապստամբությունը.

1920թ. Մայիսյան ապստամբությունը:

Հանրապետությունում գործող գրեթե բոլոր քաղաքական կուսակցությունները և հասարակական կազմակերպությունները, բացառությամբ բոլշևիկների, ընդհանուր առմամբ պաշտպանում էին Հայոց անկախ պետականությունը։ Մինչդեռ Հայաստանի բոլշևիկները բաց չէին թողնում իշխանությունը գրավելու և Ռուսաստանի օրինակով Հայաստանում ևս խորհրդային կարգեր հաստատելու առիթը։

1919թ. սեպտեմբերին բոլշևիկները ստեղծեցին իրենց ղեկավար կենտրոնը, որը կոչվեց Հայաստանի կոմիտե կամ Արմենկոմ։ 1920թ. հունվարին Հայաստանի բոլշևիկյան կազմակերպությունների խորհրդաժողովը որոշեց արտաքին ու ներքին նպաստավոր պայմանների դեպքում ապստամբել և գրավել իշխանությունը։ Նրանք այդպիսի նպաստավոր իրադարձություն համարեցին 1920թ. ապրիլի վերջին (28-ին) Ադրբեջանի խորհրդայնացումը՝ Ռուսաստանի 11-րդ Կարմիր բանակի կողմից։

Կարմիր բանակի մուտքը Անդրկովկաս և Ադրբեջանի խորհրդայնացումը ազդանշան հանդիսացան Հայաստանում ապստամբություն սկսելու համար։ Ապստամբության կենտրոն դարձավ Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) քաղաքը։ Բոլշևիկները որոշեցին 1920թ. մայիսմեկյան հակակառավարական ցույցերը վերածել զինված ապստամբության։ Ապստամբությունը ղեկավարելու համար ստեղծվեց Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտե (ՀՌՀԿ)։ Ապստամբների կողմն անցան հեղափոխական գաղափարներով տարված զինվորականության մի մասը և «Վարդան զորավար» զրահագնացքը։ Վերջինիս հրամանատար կապիտան Սարգիս Մուսայելյանը նշանակվեց ապստամբական ուժերի ղեկավար։

Այս դեպքերը Հայաստանի իշխանությունների մոտ լուրջ անհանգստություն առաջացրին։ Պետության համար ստեղծվեց վտանգավոր դրություն։ Քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար որոշվեց ստեղծել ուժեղ ձեռքի կառավարություն։ Մայիսի 5-ին հրաժարական տվեց Ալ. Խատիսյանի կառավարությունը, և նրա փոխարեն կազմվեց այսպես կոչված Բյուրո-կառավարություն (Դաշնակցության ղեկավար մարմնի անդամներից)։ Վարչապետ նշանակվեց Համազասպ Օհանջանյանը (1873-1947)։ Նորաստեղծ կառավարությունը ձեռնարկեց մի շարք արտակարգ միջոցառումներ։ Արգելվեցին գործադուլները և ցույցերը։ Հիմնվեցին արտակարգ դատարաններ, սահմանվեց մահապատիժ և այլն։

Թեև մայիսի 10-ին ՀՌՀԿ-ն Ալեքսանդրապոլում իշխանությունը վերցրեց իր ձեռքը, սակայն անվճռական գտնվեց, և մի քանի օր անց կառավարական ուժերը Սեպուհի (Արշակ Ներսիսյան) հրամանատարությամբ ստիպեցին ապստամբներին անձնատուր լինել։ Ապստամբական թույլ բռնկումներ եղան նաև Կարսում, Սարիղամիշում, Նոր Բայազետում, Ղազախ-Շամշադինում և այլուր։ Այդ ելույթները նույնպես հեշտությամբ ճնշվեցին։ Գնդակահարվեցին ապստամբության ղեկավարներ Ստեփան Ալավերդյանը, Սարգիս Մուսայելյանը, Բագրատ Ղարիբջանյանը, Ղուկաս Ղուկասյանը և ուրիշներ։ Ապստամբության տասնյակ մասնակից ակտիվիստներ բանտարկվեցին։ Կասեցվեց Հայաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության գործունեությունը։ Բոլշևիկների մի մասն անցավ ընդհատակ, իսկ մյուս մասը հեռացավ Ադրբեջան, որպեսզի այնտեղից նախապատրաստեր իշխանությունը գրավելու նոր գործողություններ։

Այսպիսով, Մայիսյան ապստամբությունը պարտվեց։ Պարտության հիմնական պատճառն այն էր, որ ապստամբ բոլշևիկները բավարար աջակցություն չստացան ժողովրդի կողմից։ Ապստամբության ղեկավարները հույսը դրել էին դրսի՝ Կարմիր բանակի օգնության վրա, որը տեղի չունեցավ։ Ապստամբությունը ընթացավ անկազմակերպ, անջատ-անջատ, առանց միասնական ղեկավար կենտրոնի։

Այդուհանդերձ, չնայած Մայիսյան ապստամբությունը ճնշվեց, սակայն այն սասանեց կառավարության դիրքերը և թուլացրեց հայկական բանակի մարտունակությունը։

Քաղաքական կյանքը, կուսակցությունները

Հայաստանի սոցիալ-տնտեսական ծանր դրությունն իր դրոշմն էր թողնում հասարակական-քաղաքական կյանքի վրա։ Այդուհանդերձ նկատվում էր հասարակական կյանքի աշխուժացում։ Երևանը և Ալեքսանդրապոլը դարձան հասարակական-քաղաքական կյանքի կենտրոններ։ Հանրապետությունում լույս էին տեսնում մի քանի տասնյակ անուն պարբերականներ, գործում էին բազմաթիվ հրատարակություններ ու տպարաններ։ Թերթերն ու ամսագրերը լուսաբանում էին երկրի առօրյան։ Կառավարությունը հիմնականում ապահովում էր խոսքի ու մամուլի ազատությունը։

Հանրապետության քաղաքական կյանքի հիմնական դերակատարները կուսակցություններն էին։ Հայաստանում գործում էին մի շարք քաղաքական կուսակցություններ։ Դրանցից առավել աչքի էին ընկնում Դաշնակցությունը, Հայ ժողովրդական, Հայ (սահմանադրական) ռամկավար, Սոցիալիստ-հեղափոխական (էսէռ), Սոցիալ-դեմոկրատ (մենշևիկ, բոլշևիկ) կուսակցությունները։ Հանրապետությունում շատ չնչին էր Ս. Դ. Հնչակ կուսակցության դերակատարությունը։

Կուսակցությունների կողքին կային հասարակական զանազան կազմակերպություններ ու միություններ՝ արհեստակցական, Կարմիր խաչի, կանանց, աշակերտական, այդ թվում՝ սկաուտական և այլն։

Ինչպես արդեն գիտենք, կառավարությունը և խորհրդարանը ձևավորվում էին ժողովրդավարական երկրներին բնորոշ կուսակցական սկզբունքներով։ Դաշնակցությունը համարվում էր հանրապետության հիմնական կառավարող կուսակցությունը։ Երկրի առջև ծառացած բարդ խնդիրները լուծելու համար Դաշնակցության հետ ժամանակավորապես միասնական (կոալիցիոն) կառավարություն կազմեց Հայ ժողովրդական կուսակցությունը։ Վերջինս Դաշնակցության պես պաշտպանում էր Արևելյան և Արևմտյան Հայաստանների միավորումով Միացյալ և Անկախ Հայաստան ստեղծելու գաղափարը։ Այդ ծրագիրն էր պաշտպանում նաև Հայ ռամկավարների կուսակցությունը։ Ռամկավարները արտահայտում էին գերազանցապես հայ գաղթականների շահերը։

1919թ. փետրվարին Երևանում կայացավ Արևմտահայերի 2-րդ համագումարը, որը որոշում ընդունեց Միացյալ և Անկախ Հայաստան ստեղծելու մասին։ Այդ գաղափարը կենսագործելու նպատակով Հայաստանի կառավարությունը անկախության առաջին տարեդարձի օրը՝ 1919թ. մայիսի 28-ին պաշտոնական հայտարարություն արեց Միացյալ և Անկախ Հայաստանի հռչակման մասին։ Սակայն այդ հռչակագիրը կուսակցությունների միջև առաջ բերեց սուր տարաձայնություններ, որովհետև ընդունվել էր առանց խորհրդարանի գիտության։ Մի շարք կուսակցություններ բողոք արտահայտեցին, իսկ ՀԺԿ-ն հեռացավ կառավարությունից։ Դրանով քայքայվեց կոալիցիան։ Դաշնակցությունը միայնակ ստանձնեց երկրի կառավարման ղեկը և պատասխանատվությունը։

1919թ. կեսերից կառավարության հանդեպ ընդդիմությունը ուժեղացավ։ Առավել ընդդիմադիր ու անհաշտ էին Հայաստանի բոլշևիկները։ Նրանք առաջնորդվում էին ծայրահեղ հեղափոխական գաղափարներով ու գործելակերպով և ձգտում էին դրսի օգնությամբ, բռնի ուժով գրավել իշխանությունը։