Рубрика: Իրավունք

«Ինչո՞ւ է լռում ՄԱԿ-ը»

Այսօր հարյուրավոր մարդիկ Մատենադարանի դիմացից երթ են կազմակերպել դեպի Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ: «Որտե՞ղ է ՄԱԿ-ը», «ինչո՞ւ է լռում» բացականչություններով նրանք քայլերթով շարժվեցին դեպի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ։ Երթին մասնակցում են նաեւ երգիչ Սարո Թովմասյանը, դերասան Ռաֆայել Երանոսյանն ու բազմաթիվ այլ երգիչներ եւ դերասաններ։ Ըստ քայլերթի կազմակերպիչների՝ իրենց բողոքի պատճառը կառույցի լռությունն է ու այս 20 օրերի անգործությունը։

Նրանք ծրարով նամակ են բերել, որը պետք է փոխանցեն գրասենյակի հայաստանյան ներկայացուցչին։
«Սեպտեմբերի 27-ից սկսած՝ ՄԱԿ-ը չի լսում մեր բարձրաձայնած խնդիրները թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում»,- ասաց քայլերթի մասնակիցներից մեկը, եւ նրանք երթով շարժվեցին դեպի գրասենյակի մուտք։

Ավելի ուշ մի քանի հոգուց կազմված խումբը կարողացավ գրասենյակ մտնել, եւ մի քանի րոպե անց նրանցից մեկը լրագրողներին հայտնեց, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հանձնակատարը տեղում չի եղել, իրենց նամակը ընդունելու է այսօր՝ ժամը 5-ին։ Ցուցարարները հայտարարեցին, որ ոչ մի տեղ չեն գնալու եւ մինչեւ ժամը 5-ը մնալու են։ Մինչեւ կոնկրետ պատասխան չստանան չեն հեռանալու։

Քայլերթի մեկ այլ մասնակից էլ հայտնեց, որ անգլերեն տարբերակով գրել են այս օրերին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով առաջացած յուրաքանչյուր հային հուզող հարցերը։ Նրանք նախապես ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մեյլին են նույն նամակն էլեկտրոնային եղանակով ուղարկել, սակայն որեւէ պատասխան չստանալով՝ որոշել են գրավոր տարբերակն այս ճանապարհով փոխանցել։