Մետալուրգիա, սկզբնական նեղ իմաստով՝ հանքաքարից մետաղների արտազատման արվեստ։ Արդի նշանակությամբ՝ գիտության ու տեխնիկայի բնագավառ և արդյունաբերության ճյուղ, որոնք ընդգրկում են հանքաքարից կամ այլ նյութերից մետաղների ստացման, ինչպես նաև դրանց քիմիական բաղադրության, կառուցվածքի և մետաղական համաձուլվածքների հատկությունների փոփոխման հետ կապված պրոցեսներ։ Մետալուրգիային են վերաբերում նաև երկրի ընդերքից ստացված մետաղների ու համաձուլվածքների նախնական մշակման ու դրանց ձևի և հատկությունների փոփոխման պրոցեսները (զտում, ձուլում, ճնշմամբ մշակում, ջերմամշակում և այլն)։