Рубрика: Առողջագիտություն

Առողջագիտություն

Կարիճի և այլ միջատների խայթոց.

Հայաստանում տարածված են երեք տեսակի կարիճներ՝ դեղին, սեւ եւ խայտաբղետ։ Այս կարիճների եւ ընդհանրապես միջատների խայթոցները մահացու չեն մարդու համար։ Մահացության դեպքերը հիմնականում պայմանավորված են սուր ալերգիկ ռեակցիաներով։ Ավելի վտանգավոր են բերանի խոռոչում կամ նրա շուրջը տեղակայված խայթոցները, որովհետեւ այդ դեպքում զարգանում է վերին շնչուղիների այտուց եւ շնչառության խիստ դժվարացում։
Կարիճների եւ միջատների խայթոցների ժամանակ խայթած տեղում ցավ է լինում, այտուց, կարմրություն։ Նման դեպքերում օգնություն ցուցաբերելիս մաշկի վրայից հեռացրեք խայթը եւ վնասված մասը պահեք սառը ջրի տակ։ Այնուհետեւ վերքը ծածկեք մաքուր գործվածքով։

Ի՞նչ անել

Եթե խայթոցը պարանոցի կամ բերանի շրջանում է ապա տուժածին կում-կում խմեցրեք մեծ քանակությամբ սառը ջուր։ Պարզեք՝ տուժածն ունի արդյոք ալերգիա միջատների խայթոցներից։ Եթե տուժածը ալերգիկ է, ապա այս դեպքում նրա մեջ հնարավոր է զարգանա անաֆիլակտիկ շոկ։ Դա որեւէ արտաքին ազդակի նկատմամբ մարմնի սուր ալերգիկ ռեակցիան է։ Անաֆիլակտիկ շոկը կարող է զարգանալ միջատների խայթոցներից, որոշ դեղամիջոցներից։ Դա կատարվում է շատ արագ, եւ հաճախ հնարավոր չի լինում կանխատեսել ու կանխարգելել այն։
Նման դեպքերում տուժածի մոտ լինում են գլխացավ, գիտակցության խանգարում, մաշկի կարմրություն, տաքություն, ցան, այտուցներ։ Տուժածի շնչառությունը շնչուղիների այտուցման հետեւանքով դժվարացած է, աղմկոտ, անոթազարկը՝ թույլ եւ արագացած։
Անաֆիլակտիկ շոկի դեպքում անհապաղ ահազանգեք շտապօգնություն, եւ եթե տուժածն իր մոտ պահում է հակաալերգիկ դեղամիջոցներ, ապա օգնեք նրան ընդունել դրանք։

Կանխարգելում

Օձերի կծածներից, կարիճների եւ միջատների խայթոցներից կարելի է խուսափել` պահպանելով մի շարք պարզ, կանխարգելիչ կանոններ։ Բնության գրկում զբոսնելու, հանգստանալու, արշավների կամ էլ աշխատանքի ժամանակ հագեք բաց գույնի հագուստ, որի վրա լավ երեւում են մուգ գույնի միջատները։ Հագեք նաեւ երկարաճիտ եւ ամուր կոշիկներ։ Տաբատի փողքերը դրեք գուլպայի կամ կոշիկների մեջ, շապիկի եզրերը՝ տաբատի մեջ։ Զբոսնելիս քայլեք ծառուղու մեջտեղով, խուսափեք բարձր խոտերից։ Օձի պատահելիս մի… տրորեք, մի անհանգստացրեք նրան, ետ դարձեք նույն ճանապարհով, որով եկել եք եւ եղեք ուշադիր, որովհետեւ շուրջը կարող են լինել ուրիշ օձեր։
Վերադառնալով տուն` ուշադիր զննեք ձեր մարմինը, հատկապես մազածածկ մասերը` միջատներ կամ նրանց խայթոցներ հայտնաբերելու համար։

Օձի խայթոց

Ըստ վիճակագրական տվյալների՝ օձերի խայթոցներից մահացությունների դեպքում մարդկանց մոտ 40 տոկոսը մահացել է ոչ թե թույնից, այլ սարսափից։ Եթե կարողանաք սառնասրտորեն կողմնորոշվել ու ճիշտ օգնություն ցույց տալ, ապա հնարավոր կլինի խուսափել վատագույնից։ Հայաստանում հանդիպում են 21 տեսակի օձեր, որոնցից թունավոր են միայն չորսը:

Տափաստանային իժը Հայաստանի տարածքում տարածված է կենտրոնական եւ հյուսիս-արեւմտյան շրջաններում։ Դրանք փոքր կամ միջին չափերի օձեր են՝ երկարությունը սովորաբար 30-60 սմ։ Թունավոր օձ է, բայց խայթոցից մարդկանց մահացության դեպքեր հայտնի չեն։

Թունավորման վտանգավորությունը կախված է նաև օձի չափսից, տարիքից, տեսակից։ Վերջին առումով առավել վտանգավոր են գյուրզաները։ Օձերն ավելի վտանգավոր են ամռանը։ Թունավորման ծանրությունը կախված է նաև կծածների քանակից, տեղակայումից և խորությունից։ Առավել վտանգավոր են պարանոցի և գլխի շրջանում խայթոցները, քանի որ այտուցի հետևանքով կարող է առաջանալ վերին շնչուղիների խցանում։ Լուրջ են նաեւ իրանին և ձեռքի հատվածում խայթոցները, որովհետև այդ դեպքում թույնը շատ արագ տարածվում է ամբողջ օրգանիզմում։

Խայթելուց թունավոր օձի թույնը ներարկվում է մարդու մարմին։ Այդ հատվածում մարդն ուժեղ ցավ և այրոց է զգում։ Քիչ անց խայթաց հատվածը կարմրում է և սկսում այտուցվել։ Այտուցը հետզհետե տարածվում է ամբողջ մարմնով, զգացվում է ուժեղ թուլություն, սրտխառնոց, փսխում։ Տուժածը կարող է ունենալ գլխապտույտ, տեսողության և խոսքի խանգարումներ։ Նկատվում են վերջույթների թուլություն կամ զգայունության կորուստ։ Տուժածի շնչառությունը դժվարանում է, անոթազարկը` հաճախանում։ Հնարավոր է արյունահոսություն բերանից, քթից և հետանցքից։

Ի՞նչ անել

Ոչ թունավոր օձի խայթոցի դեպքում վերքը լվացեք և ծածկեք մանրէազերծ վիրակապով։

Թունավոր օձի խայթոցի դեպքում մեծ նշանակություն ունի ժամանակին ցուցաբերված առաջին օգնությունը։

Հնարավորության դեպքում աշխատեք հիշել կծող օձի տեսքը։

Օձի կծելուց հետո առաջին 5 րոպեի ընթացքում սեղմեք խայթած հատվածի շուրջը, որպեսզի արյունը դուրս հոսի վերքից։ Այս գործողությունը թույլ է տալիս որոշ չափով հեռացնել թույնը։ Սեղմելը դադարեք, երբ վերքից այլևս արյուն դուրս չգա։ Հանգստացրեք տուժածին, քանի որ նյարդային, գրգռված վիճակն արագացնում է արյան շրջանառությունը` նպաստելով մարմնում թույնի տարածմանը։ Հանեք բոլոր զարդերը և ճնշող իրերը։ Եթե օձը խայթել է վերջույթը ապա անշարժացրեք այն եւ պահեք սրտի մակարդակից ցածր։ Սահմանափակեք տուժածի շարժումները, նստեցրեք կամ պառկեցրեք նրան։ Թունավոր օձի խայթելու դեպքում ճշմարիտ է հետևյալ ասացվածքը՝ «Օձի կծածը բուժելու ամենաարդյունավետ միջոցը ավտոմեքենայի բանալիներն են»։ Ժամանակն այս դեպքում ամենաորոշիչ գործոնն է։ Շատ կարեւոր է ահազանգը կամ տուժածի արագ տեղափոխումը հիվանդանոց, սակայն դա պետք է անել առանց խուճապի մատնվելու՝ բացառելով տուժածի ցանկացած շարժում։ Այդ ընթացքում տուժածին խմեցրեք մեծ քանակությամբ հեղուկներ` ջուր, հյութ, թեյ, թան և այլն։ Վերահսկեք տուժածի վիճակը, տվյալները գրանցեք և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։

Ի՞նչ չի կարելի անել

Կան գործողություններ, որոնք չի կարելի անել օձերի խայթոցների դեպքում։

•  Մի արտածծեք թույնը բերանով. բերանում եղած անգամ փոքր վերքից թույնը կարող է անցնել ձեր օրգանիզմ։

• Խայթած հատվածի շրջանում կտրվածքներ մի արեք, մի այրեք կծած տեղը. ցավն արագացնում է արյան շրջանառությունը, ինչը նպաստում է թույնի տարածմանը։

• Մի օգտագործեք սառը թրջոցներ և սառցապարկեր. դրանք օգուտ չեն տա տուժածին և կարող են նրա ինքնագիտակցությունը վատացնել։

• Օձերի խայթոցների դեպքում չի կարելի տեղադրել լարան՝ սեղմող միջոցներ. սա կբերի տվյալ հատվածի հյուսվածքների մեկուսացման, ինչի հետեւանքով տուժածը կարող է կորցնել վերջույթը։

• Տուժածին մի տվեք ոգելից խմիչքներ. դրանք ևս արագանցում են արյան շրջանառությունը։

Рубрика: Հայոց պատմություն

Թեմա 22.

Զինված պայքարը Արցախում և Սյունիքում

  Սյունիքում

Սյունիքի ազատագրական պայքար, 1722-1730 թվականներին սկսված ազատագրական շարժում պատմական Սյունիք նահանգի բնակչության մասնակցությամբ։ Դրա նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի Արևելյան Հայաստան, երկրամասը մաքրել օտար զորքերից ու ազատագրել այն։ Ժամանակագրական հերթականությամբ համընկել է Արցախի ազատագրական պայքարի (1724-1731)։

Արևելյան Հայաստանում այդ ժամանակ իշխում էին Բագրատունիներից, Սյունիներից ու Առանշահիկներից սերող ազնվական տոհմերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հասան Ջալալյանների, Դոփյանների, Պռոշյանների, Օրբելյանների, Վաչուտյանների, Զաքարյանների և Կյուրիկյանների շառավիղները, ովքեր իրենց վերահսկողության տակ ունեին ոչ ընդարձակ կալվածքներ։ Պարսիկները նրանց «մելիք» էին անվանում։ Նրանցից բացի հայ ժողովրդի շահերը ներկայացնում և հայերին համախմբում էր Ամենայն Հայոց Կաթողիկոս, որի նստավայրը 1441 թվականից գտնվում էր Էջմիածնում։

1677 թվականին կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին Էջմիածնում գումարում է գաղտնի ժողով, որին մասնակցում էին հոգևոր ու աշխարհիկ 12 գործիչներ, այդ թվում՝ Սյունիքի ու Արցախի մելիքներից ոմանք։ Եվրոպական պետությունների օգնությանը դիմելու նպատակով կազմված պատվիրակությունը 1678 թվականի վերջերին Հակոբ Ջուղայեցու գլխավորությամբ հասնում է Կոստանդնուպոլիս։ Այդտեղ երկու տարի անց հիվանդությունից մահանում է Հակոբ Ջուղայեցին։ Պատվիրակության հետ մեկնած Իսրայել Օրին, ճանապարհվում է Իտալիա, ապա Ֆրանսիա, որտեղ անցնում է զինվորական ծառայության։ Այնուհետև տեղափոխվում է Գերմանիա, հաստատվում Դյուսելդոֆ քաղաքում։ Օրին տեղի իշխան Հովհան Վիլհելմի հետ քննարկում է Հայաստանի ազատագրության հարցը, որից հետո այցելում է Հայաստան՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և բանակցություններ վարելու համար։

Արցախում

Արցախի ազատագրական պայքար, 1724-1731 թվականներին սկսված ազատագրական շարժում պատմական Արցախ նահանգի տարածքում ձևավորված հայկական մելիքությունների գլխավորությամբ։ Դրա նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի Արևելյան Հայաստան, երկրամասը մաքրել օտար զորքերից ու ազատագրել այն։ Ժամանակագրական հերթականությամբ համընկել է Սյունիքի ազատագրական պայքարի (1722-1730)։

18-րդ դարի սկզբին հայ ազատագրական շարժման առաջնորդներից Իսրայել Օրին մեկնում է Ռուսական կայսրության մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգ՝ Պետրոս Մեծից (1682-1725) օգնություն խնդրելու, Արևելյան Հայաստանն ազատագրելու և հայոց պետականությունը վերականգնելու նպատակով։ Ստանալով կայսեր համաձայնությունը՝ նա մեկնում է Հարավային Կովկաս և Իրան՝ որպես ռուսական բանակի սպա և դեսպան։ 1711 թվականին Ռուսաստան վերադառնալիս Օրին Աստրախանում մահանում է, և պատվիրակությունը հետ է գալիս Հայաստան։