Էրեբունի-Երևանը 2795 տարեկան է: Արգիշտի Առաջին արքան տիրակալության 5-րդ տարում կառուցեց այն որպես բերդաքաղաք: Առաջին բնակիչները զինվորներ էին` թվով 6600: Արգիշտի Առաջինի թողած սեպագիր արձանագրությունը վկայում է. «Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք՝ ի հզորություն Բիայնա երկրի և ի սարսափ թշնամիների: Արգիշտին ասում է… Հողն ամայի էր, այստեղ ես մեծ գործեր կատարեցի: Խալդ աստծո մեծությամբ Արգիշտի՝ Մենուայի որդի, արքա հզոր, արքա Բիայնա երկրի, տերը Տուշպա քաղաքի»:Պահպանված պատմական այդ արձանագրությունը հնարավորություն է տվել գիտնականներին հստակեցնելու Երևանի ծննդյան տարեթիվը` մ. թ. ա. 782թ.: Էրեբունի-Երևանը հիմնադրվել է Հռոմից 29 տարի առաջ, Բաբելոնի, Նինվեի ու Պերսեպոլիսի հասակակիցն է, բայց, ի տարբերություն վերջիններիս, դարձել է 21-րդ դարի ծաղկուն քաղաքներից մեկը:
Դարերի ընթացքում մեծ է եղել քաղաքի դերը Հայաստանի տնտեսական և հասարակական-քաղաքական կյանքում: Առևտրի այդ մեծ կենտրոնով էին անցնում քարավանային բազմաթիվ ճանապարհներ: Հնագիտական պեղումները վկայում են, որ Էրեբունին վարչական խոշոր կենտրոն էր` ամենահզորը Արարատյան դաշտում
Դարերի ընթացքում քաղաքը մնացել է կանգուն` անցնելով բազում արհավիրքների ու փորձությունների միջով: Անթիվ են եղել ասորիների, հռոմեացիների, բյուզանդացիների, պարսիկների, արաբների, սելջուկների, մոնղոլների ու թուրքերի ասպատակությունները, բայց ժողովուրդը շարունակում էր արարել` դիմակայելով բոլոր արհավիրքները: Զուգահեռաբար ստեղծվել է քաղաքակրթություն` արժեքավոր մշակույթով ու գիտությամբ:
…1918թ. մայիսի 28-ին Երևանը հռչակվեց Հայաստանի Հանրապետության, իսկ 1920թ. նոյեմբերի 29-ին` Խորհրդային Հայաստանի մայրաքաղաք:
Երևանը Խորհրդային Միության առաջին քաղաքն էր, որն ունեցավ գլխավոր հատակագիծ: Ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանի հեղինակած գլխավոր հատակագիծը հաստատվեց 1924 թվականին. նախատեսված էր 150000 բնակչի համար:
Ժամանակի ընթացքում քաղաքի վարչական տարածքը մեծացավ 5 անգամ: Սկսվեց կառուցապատումը. Երևանը կառուցապատվում էր բազալտով, գրանիտով, մարմարով: Ամենատարածված շինանյութը վարդագույն տուֆն էր: Եվ քանի որ այդ շինանյութն ինքնատիպ գունագեղություն ու առանձնահատուկ երանգ էր տալիս քաղաքին, սկսեցին Երևանն անվանել «Վարդագույն քաղաք»: Հետագա 70 տարում մայրաքաղաքի տարածքն էլ ավելի ընդլայնվեց:
1991թ. սեպտեմբերի 21-ին Երևանը դարձավ ոչ միայն անկախ Հայաստանի Հանրապետության, այլև աշխարհասփյուռ հայության մայրաքաղաք:1991թ. սեպտեմբերի 21-ին Երևանը դարձավ ոչ միայն անկախ Հայաստանի Հանրապետության, այլև աշխարհասփյուռ հայության մայրաքաղաք:

Երևան անվան ծագման մասին.
Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է: Նրա տարածքում կատարված հնագիտական պեղումները ցույց են տալիս, որ մարդն այստեղ ապրել է տասնյակ հազարավոր տարիներ առաջ: Հատկանշական է այն փաստը, որ Երևանի տարածքը անընդհատ բնակեցված է եղել: Ուսումնասիրությունները պարզել են, որ քաղաքի տարածքում տարբեր ժամանակաշրջաններում առաջացել և տարբեր պատճառներով կործանվել են բազմաթիվ բնակավայրեր:
Ժամանակագրական առումով քաղաքի տարածքում հայտնաբերված հնագույն բնակավայրը Երևանյան կամ Հրազդանյան քարայրն է / Երևանյան լճի մոտ, Հրազդան գետի ձախ ափին/, որի հնագույն, ստորին շերտը /4-5 մշակութային շերտ/ թվագրվում է մուստերյան շրջանով /100 000 – 35 000 տարի առաջ/: Այնուհետև Երևանի տարածքում մարդու բնակության հետքերը հայտնաբերվում են նոր բնակավայրերում, ստեղծելով պատմական հուշարձանների մի ամբողջական շղթա: Թվարկենք դրանք. Շենգավիթ, /մ.թ.ա. 4-2-րդ հազարամյակներ/, Ծիծեռնակաբերդ, Ավան, Զեյթուն թաղամասեր, Կայարանամերձ հրապարակ /մ.թ.ա. 2-րդ հազարամյակի կես/, Կարմիր- բերդ / մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջ/, Կարմիր-բլուր /մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջ -1-ին հազարամյակի սկիզբ/, Արին բերդ /Էրեբունի, մ.թ.ա. 1-ին հազարամյակի սկիզբ/, Ավան- Առինջ /մ.թ.ա. 2-րդ-1-ին դարեր/, վաղ միջնադարյան Երևան /Կենտրոն/, Երևանի բերդ /7-րդ դար, 16-րդ դար/ և այլն:

