Այն, ինչ հիմա կպատմեմ, կարծում եմ կհետաքրքրի բոլոր այն ընթերցողներին, որոնց չափազանց հետաքրքրում է կրթահամալիրի մեր ուսումնական ճամփորդությունները։ Կրթահամալիրի ուսուցիչների և սաների հետ այնքան էլ շատ չեմ ճամփորդել, բայց երբ ճամփորդել եմ, ունեցել եմ միայն լավ տպավորություններ և լավ հիշողություններ, իսկ այս ճամփորդությունը բացառություն չէ․․․արդեն իսկ ունեմ ֆանտաստիկ լավ, հիանալի հիշողություններ․․․Դվին հնավայրը հիանալի մի վայր է, որտեղ կարող եք տեսնել պատմության բազմաթիվ վկայություններ, բազմաթիվ հիշողություններ, պատմամշակութային կառույցներ և մի շարք այլ հնություններ։ Այո՛, ինչպես տեսնում եք, մեր ճամփորդության ուղին եղել է դեպի պատմական մայրաքաղաք Դվին, որտեղ գնացինք պատմության մեր շատ սիրելի ուսուցիչ ընկեր Վարդանի հետ։ Տեղ հասնելուն պես մենք ծանոթացանք երիտասարդ հնագետ պարոն Համազասպի հետ, ում կարճ դիմում էինք պարոն Համիկ։ Պարոն Համիկը մեզ հետ ծանոթությունից հետո խմբին ուղեկցեց դեպի Դվինի հին Շուկայի տարածք, որտեղ ներկայումս իրականացվում են մաքրման և բարեկարգման աշխատանքներ, որին մենք նույնպես մասնակից դարձանք։ Տարածքի մաքրման աշխատանքներից հետո գնացինք Դվինի կենտրոնական տարածք, որտեղ իրականացվում էին վերականգնման աշխատանքներ։ Հնագետ Համիկը մեզ պատմեց Դվին քաղաքի և հնավայրի մասին, մանրամասն ներկայացրեց տարածքի վերականգնման աշխատանքների ընթացքը։ Դվինի տարածքում երկար քայլելուց և ուսումնասիրելուց հետո մենք ուղևորվեցինք դեպի Վերին Դվին գյուղ, որտեղ ապրում են հիմնականում ասորիներ, ովքեր կազմում են գյուղի բնակչության 90 տոկոսը։ Նախ ասորական համայնքում հյուրընկալվեցինք ասորի մի ընտանիքում, որտեղ ունեցանք հետաքրքիր զրույց, լսեցինք նաև ասորերեն։ Այնուհետև գնացինք ասորական եկեղեցի, որտեղ տեր հայրը մանրամասն ներկայացրեց ինչպես եկեղեցու, այնպես էլ համայնքի պատմությունը, խոսեց դպրոցում ասորերենի ուսուցման մասին, որը հենց տեր հայրն է դասավանդում, նաև նշեց, որ համայնքն ունի շուրջ 200 տարվա պատմություն, քանի որ ասորիները Հայաստան են եկել 1826 թվականին՝ Իրաքից։ Եկեղեցում մեզ հետ էին նաև ասորական «Աթուռ» պարային համույթի սաները, որոնց հետ քայլքով գնացինք գյուղի մշակույթի տուն, որտեղ իրականացրեցինք շատ հավես պարուսուցում՝ ասորիների պարային համույթի ղեկավար ընկեր Արմանի և մեր սիրելի երաժիշտ ընկեր Սեդայի կազմակերպմամբ։ Մենք ծանոթացանք իրենց ազգային պարերին, իսկ իրենք՝ մեր ազգային պարերին, իսկ վերջում ունեցանք նաև միասնական պարերգ։ Ասորի մեր ընկերները կազմակերպել էին նաև հյուրասիրություն, որի համար շատ շնորհակալ ենք նրանց։ Այս ամենն ավարտելուց հետո մենք նաև հյուրընկալվեցինք համայնքի կին ղեկավարի մոտ, ում հետ ունեցանք կարճ, բայց հետաքրքիր զրույց։ Նա իր խոսքում նշեց, որ «չնայած մենք ասորի ենք, բայց մենք բացարձակ չենք տարբերվում հայերից, և մեր մշակույթները միմյանց շատ նման են, սիրում ենք հայերին և Հայաստանը և մեծ ցավ ենք ապրել վերջին՝ 2020-ի պատերազմական իրադարձությունների համար, որին մասնակցել է նաև մեր՝ ասորական համայնքը, ունեցել ենք նաև 9 զոհ, որը մեր փոքրաթիվ համայնքի համար բավականին մեծ կորուստ է»։ Հաճելի զրույցից հետո, միմյանց հրաժեշտ տալով, շարժվեցինք դեպի Երևան՝ մեծ ու հիանալի տպավորություններով․․․












