Ցիտոպլազման անգույն, լույսի ճառագայթները ուժեղ բեկող սպիտակուցների և այլ օրգանական նյութերի կոլոիդային լուծույթ է և իր խտությամբ հիշեցնում է թանձր հեղուկ՝ իր մածուցիկությամբ մոտ գլիցերինին։ Կազմված է մեմբրաններից և օրգանոիդներից, որոնց միջակա տարածությունը լցված է ցիտոպլազմայի մատրիքսով՝ հիալոպլազմայով։ Վերջինս որոշակի պայմաններում կարող է փոխակերպվել ավելի պինդ, կարծր վիճակի՝ հել և նորից վերափոխվել հեղուկի՝ զոլ:
Խտության այս փոփոխությունը նպաստում է՝
- ներբջջային նյութերի տեղաշարժմանը
- միջբջջային նյութափոխանակությանը
- օրգանոիդների միջև ստեղծում է ֆիզիկոքիմիական և ֆերմենտային կապեր։
Ցիտոպլազման կազմված է՝
- Ավելի պինդ՝ պլազմոգել կամ էկտոպլազմա
- Ավելի հեղուկ՝ պլազմոզոլ կամ էնդոպլազմա։
Ի տարբերություն էլեկտրոնային մանրադիտակի, սովորական լուսային մանրադիտակի տակ հնարավոր չէ տարբերել էկտոպլազման էնդոպլազմայից։ Ցիտոպլազմայի հիմնական զանգվածն ունի մանրահատիկավոր կազմություն, և նրանում գտնվում են շատ բարակ թելիկներ՝ ֆիբրիլներ, որոնք ստեղծում են ցանցանման գոյացություններ։ էլեկտրոնային մանրադիտակի տակ երևում են թիթեղանման կառուցվածքներ կամ 3-4 նմ հաստությամբ զույգերով դասավորված թաղանթներ, որոնք առաջացնում են տափակ ճյուղավորված խողովակներ՝ ռետիկուլում։ Դա էնդոպլազմային ցանցն է: Ցիտոպլազման արտաքինից սահմանազատված է բջջային մեմբրանով՝ պլազմոլեմայով, իսկ ներսից կորիզաթաղանթով։ Բուսական բջիջներին հատուկ է նաև ներքին՝ բջջահյութը սահմանազատող մեմբրանը, որն առաջացնում է վակուոլ։ Ցիտոպլազման ընդունակ է շարժման։ Ցիտոպլազմայում կարող են կուտակվել տարբեր նյութեր։ Դրանք կոչվում են ներառուկներ, որոնք ցիտոպլազմայի ոչ մշտական կառուցվածքներ են։ Ցիտոպլազման ունի որոշակի ռեակցիա, բջիջների մեծ մասում այն թույլ հիմնային է:
Օրգանոիդներ կամ օրգանելներ կոչվում են ցիտոպլազմայի մասնագիտացված մասերը, որոնք ունեն որոշակի կառուցվածք և կատարում են բջջի այս կամ այն գործառույթը։ Էլեկտրոնային մանրադիտակի օգնությամբ պարզվել են օրգանոիդների կառուցվածքի բոլոր մանրամասները։
Օրգանոիդներն են՝
- Էնդոպլազմային ցանց
- Գոլջիի համալիր
- Ռիբոսոմներ
- Միտոքոնդրիումներ
- Ցետրիոլներ
- Լիզոսոմներ
- Պլաստիդներ
- Վակուոլներ
- Ներառուկներ
- Բջջակորիզ
- Կորիզակ
Ֆունկցիաներ.
Կատարում են զանազան ֆունկցիաներ։ Տարբերում են՝
- կմախքային
- հենարանային օրգանելներ, որոնք ապահովում են օրգանիզմի պաշտպանությունը մեխանիկական, քիմիական և այլ վնասակար ազդեցություններից (խեցիներ, զրահներ), շարժական և կծկողական օրգանելներ (օրինակ, մտրակիկներ, թարթիչներ, միոնեմներ), զգայական կամ ռևցնպաորային օրգանելներ (լուսազգայուն «աչքեր»), հարձակողական և պաշտպանական օրգանելներ (մարմնից դուրս նետվող ձողիկաձև գոյացություններ՝ տրիխոցիստներ), մարսողական օրգանելներ, որոնք
կատարում են սնունդը որսալու, բջիջ տեղափոխելու և մարսելու ֆունկցիա (մարսողական վակուոլները), ներզատական և արտազատական օրգանելներ։














