Рубрика: Գրականություն

Եղիշե Չարենց

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում.
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՛ իմ հողու հեռուն…

Լուսամփոփի՛ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՛ պես աղջիկ…

Եթե ես լինեի նկարիչ, ապա այս բանաստեղծությունը կպատկերեի երկնագույն գույնով։

Երեք ճաճանչ, երեք երանգ, երեք գույն,
Որ անցան —
Քո՜ւյր, կապել են քո աչքերում, իմ հոգում —
Ծիածան։

Եթե ես լինեի նկարիչ, ապա այս բանաստեղծությունը կներկեի ծիածանի գույներով։

Առավոտ կանուխ, երբ արև չկա,
Լուռ զգում եմ ես, —
Որ լուսե հոգին քնած աղջկա
Մոտի՛կ է այնպես:

Ու լսում եմ ես, լսում եմ միայն,
Երազուն-տրտում:
Ժպտում է հոգիս անդորր տրտմության
Գունատ կապույտում:

Զգում է հոգիս շրթերի վրա`
Անմարմին, դողդոջ —
Կապույտ, երկնագույն համբույրը նրա —
Լուսավո՛ր քրոջ:

Եթե ես լինեի նկարիչ ապա այս բանաստեղծությունը կներկեի ինչ-որ բաց երանգով։

Քո՜ւյր, արցունքները — մաքուր
Ղողանջներ են, որ
Հղանում են երկնագույն
Զանգ — աչքերդ խոր:

Ղողանջնե՛ր են — լուսավոր, —
Կո՛ւյս թռիչք ու թև՛ .
Ղողանջնե՜ր են — թևավո՛ր
Ու թեթև՛, թեթև՛…

Եթե ես լինեի նկարիչ ապա այս բանաստեղծությունը կներկեի մոխրագույն։

Արևի ոսկին ինչո՞ւ է փակում
Մեր աչքերը թաց —
Երբ` կապույտ երազն արթնացած հոգում՝
Նայում ենք հանկարծ:

Երբ բաց ենք անում աչքերս` կապույտ,
Աստղային նիրհից, —
Որ տեսնենք ոսկու ծիծաղը` անփույթ
Հղացած հրից:

Ինչո՞ւ է խոցում, ասեղի նման,
Ոսկին արևի —
Մենավոր ժամին վերջի՜ն տրտմության`
Վերջի՜ն բարևի…

Եթե ես լինեի նկարիչ ապա այս բանաստեղծությունը կներկեի ոսկեգույն։