Հայաստանում կոնյակի արտադրությունը հիմնադրվել է 1887թ., առաջին գիլդիայի վաճառական Ներսես Թաիրովի (Թահիրյան) կողմից, Հին Էրիվան ամրոցի տեղում` իր իսկ կառուցած Ռուսական կայսրության կոնյակի առաջին գործարանում: Նոր արտադրությունը գոյատևեց մինչև 1899թ.: Նիկոլայ Թաիրովը դժվարանում էր կազմակերպել առաքումը, և նա վաճառեց իր գործը ռուս արդյունաբերող Նիկոլայ Շուստովին: «Շուստով և որդիներ» ընկերությունը վերազինեց գործարանը այդ տարիների ամենաարդիական սարքավորումներով, գնեց թորման սարքեր, կառուցեց նոր արտադրամաս սպիրտի կրկնակի թորման համար, իսկ նկուղներում տեղադրեց կաղնեփայտե տակառներ կոնյակի երկարաժամկետ պահպանման և հնեցման համար: Շուստովը միանգամից իր արտադրանքը շուկա հանեց: Ընկերության լոգոտիպով պաստառները զարդարում էին շոգենավերի և դիրիժաբլերի նավակողերը: Գովազդային արշավը արդյունավետ էր` Շուստովի արտադրանքը ամուր դիրքեր գրավեց ռուսական շուկայում:
1900թ. Շուստովի կոնյակը ներկայացվեց Փարիզի ցուցահանդեսում: Ցուցահանդեսում համտեսվող խմիչքների անվանումները նախապես չէին բացահայտվում: Փորձառու ֆրանսիացի համտեսողների կողմից անհայտ խմիչքը ճանաչվեց լավագույնը` Շուստովի կոնյակին շնորհվեց Գրան-Պրի մրցանակ: Շուստովի անունը մեծ աղմուկ հանեց: Ճանաչված գինեգործներին դյուրին չէր համակերպվել այն մտքի հետ, որ օտարերկրյա ծագում ունեցող խմիչքը պետք է կոնյակ անունը կրի: Այնուամենայնիվ, բարձր որակի համար Շուստովին թույլատրվեց իր արտադրանքը վաճառել ոչ թե բրենդի անունով, այլ` որպես կոնյակ, ինչը թույլատրվում էր միայն Կոնյակ գավառում աճող խաղողից ստացված խմիչք արտադրող ընկերություններին: Ամենաբարձր ճանաչման հայկական կոնյակն արժանացավ 1913թ., երբ «Շուստով և որդիներ» ընկերությունը պատիվ ունեցավ դառնալ Ռուսական Կայսրության արքունիքի մատակարար: Այդպիսի տիտղոս ունեին միայն 30 ռուսաստանյան և օտարերկրյա արտադրողներ: Դրա համար պահանջվում էր առնվազն ութ տարի մասնակցել նահանգային բոլոր ցուցահանդեսներին և այդ ընթացքում սպառողներից ոչ մի դժգոհություն չստանալ խմիչքի որակի վերաբերյալ: