Դվինի հնավայրի աշխատանքների մասին։
Հայաստանի պատմական մայրաքաղաքներից մեկում՝ Դվինում, 2020 թվականի դեկտեմբեր ամսից սկսվել են հնագիտական հուշարձանների մասնակի ամրակայման և վերականգնման աշխատանքները, որոնք իրականացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը՝ Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ։ Նախագծում արդեն ներդրվել է ավելի քան 120 միլիոն դրամ։Կառավարությունը պլանավորում է Դվին մայրաքաղաք-հուշարձանը դարձնել Հայաստանի գլխավոր տուրիստական վայրերից մեկը։«Հետքը» զրուցել է Դվինի վերականգնողական աշխատանքների գլխավոր ճարտարապետ Հովհաննես Սանամյանի հետ։ -Արդեն մի քանի ամիս է, ինչ Դվինում սկսվել են Սուրբ Գրիգոր Կաթողիկե եկեղեցու, 5-րդ և 7-րդ դարի կաթողիկոսական առաջին և երկրորդ պալատների ամրակայման և մասնակի վերականգնման աշխատանքները։
Ի՞նչ նյութեր են օգտագործում վերականգնման ընթացքում։ Վերականգնում են այն նյութերով և այն տեխնոլոգիաներով, որով հուշարձանը ժամանակին կառուցվել է՝ նույն ֆիզիկամեխանիկական հատկություն ունեցող քարով, կրաշաղախով և այլն։ Որոշ չափով աշխատել ենք էնպիսի սիլուետներ ստանալ, որ հուշարձանը պահպանվի և որոշակի պատկերացում կազմվի հուշարձանի մասին։ Այնպես ենք անում, որ այցելուների համար ընկալելի լինի հին տեսքը, և հետագա հնագիտական աշխատանքների համար որևէ խոչընդոտներ չառաջանան։